«Բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել նաեւ պահածոների տարաներ»

Տեսադիտարկման սարքերի տեղադրումը շարունակվում է։
tavush-sahman-hakarakord

Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեսադիտարկման սարքերի տեղադրումը շարունակվում է, հսկայական աշխատանք արդեն կատարվել է: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նրա խոսքով` տեսադիտարկման համակարգերը թույլ են տալիս վերահսկելի դարձնել հակառակորդի շարժն ու ավելի անվտանգ դարձնել մեր զինծառայողների ծառայության պայմանները: «Չնայած այս ամենին՝ համակարգը դեռեւս կատարելագործվելու տեղ ունի եւ այդ նպատակով աշխատանքներ են տարվում»,-ասաց նա:

Լեւոն Այվազյանը չհերքեց, որ նորագույն տեխնոլոգիաների հետ միասին շարունակում են կիրառել նաեւ պահածոների տարաներ, նշելով, որ պահածոների տարաները պրիմիտիվ, բայց արդյունավետ միջոցներ են: «Եթե դա արդյունավետ է, ապա ինչու ոչ: Բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել նաեւ նման միջոցներ»,-հավելեց նա:

Անդրադառնալով շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտումներին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ գործ ունենք անկանխատեսելի եւ արկածախնդիր հակառակորդի հետ: «Շփման գծի տարբեր հատվածներում, ադրբեջանական զինուժի տարբեր հրամանատարներ կան, որոնց կողմից կատարած գործողությունները ռազմական առումով անտրամաբանական են»,-ասաց նա, հավելելով, որ շփման գծում խախտումները որեւէ ռազմական խնդիր չեն լուծում, այլ իրավիճակը լարված պահելու եւ խնդրին միջազգային ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում:

 

*

*