Կառավարությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ու ծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:
«Նախատեսվում են ՀՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումների ներկայացման, զորակոչի կազմակերպման, նրանց հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի կնքման հետ կապված հարաբերությունները, պայմանագրի ձևը, զինծառայողների դրամական ապահովության չափերն ու իրային ապահովության չափաքանակները», — նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ արդեն ձմեռային զորակոչի ժամանակ, ինպես պլանավորվել էր, ներդրվել է «Ես եմ» ծրագրի կիրառումը:
«Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ, վստահ եմ, որ այս որոշումն ընդունելուց հետո (որովհետև շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան) … զինկոմիսարիատների աշխատանքի շնորհիվ այս թիվը կաճի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ սա առաջին անգամ է արվում և ավելացրեց, որ 100 զինծառայողի ներգրավումն այս ծրագրին համարում է արդեն լավ արդյունք: Սարգսյանը վստահեցրեց, որ առաջիկա զորակոչին ավելի ինտենսիվ կպատրաստվեն՝ կաշխատեն դպրոցներում՝ զորակոչային ռեսուրսի հետ: