Վիգեն Սարգսյան. Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր արտադրողը լինի մրցունակ

ՊՆ-ն կողմնակից է, որպեսզի բանակին մատուցվող ծառայությունները իրականացվեն տեղական ընկերությունների կողմից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է բանակին մատակարարվող սննդի որոշ տեսակների արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը: Այս մասին Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր արտադրողը լինի մրցունակ, մենք աշխատում ենք սահմանամերձ համայնքների հետ մեր բանակի համար մատուցվող մի շարք ծառայություններ սահմանամերձ համայնքներ տեղափոխելու համար: Մենք այսօր բաց քննարկում ենք բանակին մատակարարվող որոշ սննդամթերքի արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը, այդ թվում՝ արտադրողների մրցույթը հաղթած ընկերությունների  և տեղի գործարարների հետ»,-ասել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշել է,  որ պաշտպանության նախարարությունը կողմնակից է, որպեսզի բանակին մատուցվող ծառայությունները իրականացվեն տեղական ընկերությունների կողմից և նկատել, որ կա օբյեկտիվ իրականություն՝ եթե մի բանը այլ տեղ արտադրվում է ավելի որակով և առաջարկվում ավելի մատչելի գնով, իրենք դա են ձեռք բերում:

 

*

*