Պերմյակովն «Ինչո՞ւ է սպանել» հարցին պատասխանել է. «Ինքնաբերաբար ստացվեց»

Ապրիլի 15-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվող նիստում...
permyakov-gyumri-spanutyun-avetisyanner

Գյուրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանի դահլիճում: Ապրիլի 15-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվող նիստին դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանի դահլիճում հնչած հարցին` Պերմյակովը հաստատում է, որ ինքն է հունվարի 12-ին մտել Ավետիսյանների բնակարան, մեղադրյալն  ասաց` այո: Հարցին` նա է ավազակային հարձակման համար սպանել Ավետիսյանների, ասաց. «Հրաժարվում եմ պատասխանել»: Նշեց նաև, որ իրեն չեն ահաբեկել, որևէ բանով կաշկանդված չէ, բայց ցուցմունք չի տա և համաձայն է,որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները: Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ինչպե՞ս է առողջական վիճակը, ասաց` նորմալ է:

Հրապարակված առաջին հարցաքննության համաձայն`Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու, քննիչի այն հարցին, թե կասկածյալն օգտագործե՞լ է իրեն ամրակցված զենքը, մեղադրյալը պատասխանել է` այո: Երբ ջուրը խմել է ու ցանկացել գնալ` արթնացել է աղջիկը, վերցրել հեռախոսն ու սպառնացել զանգել ոստիկանություն:

«Ես էլ, վախենալով, որ կզանգի, կրակեցի: Հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց»,- նշված է եղել ցուցմունքում: Քննիչի այն հարցին, թե քանի մարդու ես կրակել` Պերմյակովն ասել է. «Վեցին, իսկ փոքրին սվին դանակով եմ հարվածել»: Հարցին, թե ինչ մտադրությամբ, պատասխանը եղել է. «Ոչ մի, ուղղակի ինքնաբերաբար ստացվեց»:

Առաջին ցուցմունքի մեջ նաև նշել է, թե ինչպես է մտել Ավետիսյանների բնակարան և հետո ինչ է իր հետ տարել: Այն հարցին, թե զղջում է արածի համար, ասել է` այո:

Դատարանի դահլիճում հնչել են ինչպես որպես կասկածյալ հարցաքննական ցուցմունքները, այնպես էլ որպես մեղադրյալ: Նշվել է, որ Պերմյակովը Չիտայում ծառայության ընթացքում 8 անգամ լքել է զորամասը, իսկ Գյումրիում զորամասը լքելու պատճառը Չիտա վերադառնալն է եղել: Զենքը տարել է իր հետ, որ կարողանա հագուստ ու գումար վերցնել, հասնել սահման ու հատել այն: Ավետիսյանների տունն ընտրել է պատահաբար:

«Աղջկա վրա կրակելուց հետո մյուս սենյակում, որտեղ ամուսիններ էին պառկած, տղամարդը ինչ-որ բան ասաց,  հավանբար` հայերեն, ես կրակեցի: Հաջորդ սենյակում ևս տղամարդ կար, փորձում էր ինչ-որ բան ասել, կրակեցի, ապա երրորդ սենյակում տեսա, որ մահճակալին պառկած կինը փորձում է զանգել հեռախոսով, հետո տեսա մանկական մահճակալի մեջ երեխայի, կրակեցի, երբ ուզեցի դուրս գալ, լսեցի մանկան ճիչ, սվին դանակով հարվածեցի»,- նշված է ցուցմունքում:

Քննիչի այն հարցին, թե ինչո՞ւ կրակեցիր այդ մարդկանց, Պերմյակովը նշել է. «Ինքնաբերաբար է ստացվել»: Իսկ փոքրիկին սվին դանակով է հարվածել, քանի որ ինքնաձիգն արգելափակվել է ու չի ցանկացել, որ տանն այդքանից հետո կենդանի մարդ մնա:

 

*

*