«Սպայկա»-ն պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ կալանավորվեմ. Դավիթ Ղազարյան

«Սպայկա»-ն մթերումներ չի իրականացնի
spayka-davit-ghazaryan

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշեց, որ անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից:

Նրա խոսքով՝ անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, իրենց կողմից ճշգրտումներ են կատարվել 2 մլրդ դրամի չափով, որը մինչև դեկտեմբեր մասամբ մարվել է:

Դավիթ Ղազարյանը նշեց, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել:

«Երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ մի մեծ «սերվանտ» տեսա, 150 հատորից բաղկացած քննչական գործով: Քննիչը ասել է` կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես: Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ: Հիմա էլ 7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը: Դրանք շինծու թվեր են, թիվն ուռացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի: Ցանկացած գումար, որը պարտավոր է «Սպայկա»-ն վճարել, մենք պատրաստ ենք վճարելու», — ասաց Դավիթ Ղազարյանը:

Դավիթ Ղազարյանը նշեց, որ ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ ինքը կալանավորվի:

«Աշխատանքները կշարունակվեն, բայց մթերումներ չենք իրականացնի»,-ասաց նա:

*

*