Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետ

ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ։
vigen-sargsyan

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը: Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։

Վիգեն Սարգսյանն այցելել է նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվել է զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրել «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:

Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

*

*