Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա գովազդները կկանոնակարգվեն

Մեկնարկել են գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները:
govazd

Երևանի քաղաքապետի որոշմամբ, սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայից մեկնարկել են գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները:

Դեռևս օգոստոս ամսին Երևանի քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով վարչական վարույթներ էր իրականացրել, որոնց նպատակը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա տարատեսակ գովազդների կանոնակարգումն էր: Մասնավորապես, այդ նպատակով կազմվել էին գովազդային անձնագրեր, որտեղ մանրամասն նշված էր, թե ինչ տեսք պետք է ունենան գովազդները, որպեսզի չխաթարեն այդ շենքերի ճարտարապետական դիմագիծը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ տնտեսվարողները հիմնականում սեփական ուժերով են ապամոնտաժում գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները, նրանցից շատերը սկսել են ներկայացնել գովազդային անձնագրերին համապատասխան նոր ցուցանակները` տեղադրման համապատասխան կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո գովազդային անձնագրեր կկազմվեն մյուս բոլոր շենքերի համար:

 

*

*