«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից կդառնա 40 տարեկան

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45:

Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը:

Նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:

*

*