Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

Ուսանողները հետաքրքրվեցին, որն է մարտական հերթապահության եւ գործողությունների տարբերությունը

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին կտրվի լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Դա կգումարվի բուհերի սահմանած 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս:

Այսօր Ագրարային համալսարանում կայացած միջոցառաման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուսանողներին է հանձնել ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը, նաեւ բացատրել է պատերազմի մասնակից զինվորականների զինգրքույկներում մարտական հերթապահության եւ մարտական գործողությունների մասնակցի նշումների տարբերությունը:

Ալբերտը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երկու ամիս է՝ զորացրվել է եւ ուսումը շարունակում է երկրորդ կուրսում: Անցած տարվա ապրիլյան մարտական գործողությունների մասնակից է: Այսօր էլ եկել է ուսման վարձի զեղչի՝ իրեն հասանելիք հավաստագիրը ստանալու:

«Մենք մեր պարտքը կատարել եկել ենք, հիմա էլ իրենք իրենց պարտքն են կատարում»,- ասում է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ալբերտ Դանիելյանը:

«30 տոկոս բոլոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցումն իրականացվել էր պետական բուհերի միջոցներից, եւ այս 20 տոկոսը, որ նախաձեռնվել էր Երիտասարդական հիմնադրամի եւ Պաշտպանության նախարարության կողմից, փոխհատուցվում է այսօր »,- նշում է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:

Խոսքն ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած եւ զորացրված մոտ 450 ուսանողի մասին է: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այն վստահությունն ունի, որ հայրենիքի հանդեպ զենքը ձեռքին պարտքը կատարած եւ ուսանողական նստարան վերադարձած տղաները պետք է շարունակեն ապրել նույն ձեւով, ինչպես մարտական հերթապահությունն են կատարել:

«Դուք այստեղ եք, դուք սովորում եք, դու վաղվա մեր մտավորականն եք, որը պաշտպանելու է հայրենիքը, ուրեմն բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»,- ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Լեւոն Մկրտչյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստագրերի փաթեթները հանձնեց բուհերի ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնեց հավաստագրի արժանացածներին: Սա վկայությունն է, որ այս տղաներն ապրիլյան ծանր օրերին եղել են պատերազմական թեժ կետերում, որտեղ մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության եւ ապագայի կարեւորագույն խնդիրներն էին լուծվում: Նախարարությունը զինգրքույկներում սխալ նշումների վերաբերյալ Թեժ գծով եւ զինկոմիսիարատների միջոցով շուրջ 500 ահազանգ է ստացել, պարզել են, որ դրանցից 5-ն են միայն համապատասխանում իրականությանը:

«Թեեւ այդ 495 գրքույկում ուղղում կատարելու իրավական հիմք չունեինք, բայց քննարկեցինք Հանրապետության նախագահի եւ պարոն Ավագյանի հետ միասին, որ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ է ամրագրված, բոլոր նրանք, ովքեր ապրիլին եղել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, պետք է ունենան հավասար հնարավորություններ»,- ասում է Վիգեն Սարգսյանը:

Ներկա ուսանողներից միայն մեկը հարց ուղղեց նախարարին, սակայն այդ խնդիրը հուզում էր բոլորին: Ինչո՞ւ է իրենց զինգրքույկներում միայն մարտական հերթապահություն իրականացնելու մասին նշում արված: Ինչին Պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Եթե շատ հստակ օրենքով նայելու լինենք, մարտական գործողություններին մասնակցությունը սկսում է հաշվվել 3 ամիս մարտական գործողությունների մեջ ներգրավված լինելուց հետո, բայց հաշվի առնելով, որ ապրիլյան օրերին եղել են այն, ինչ-որ եղել են, եւ մենք բոլորս շատ լավ պատկերացնում ենք, պետությունը քայլ կատարեց, եւ այն զորամիավորումները, որոնք ուղիղ ներգրավված են եղել հակառակորդի հետ մարտական գործողությունների մեջ, մի փոքր տարբերակում մտցվեց, եւ նրանց գրքույկներում գրվեց, որ մասնակցել են մարտական գործողություններին, բոլոր մնացածի համար ֆիքսվում է, որ նրանք ծառայել են զորամասում, որն իրականացրել է մարտական հերթապահություն»:

Ալբերտն ասում է՝ համակերպվել է, որ ոչ մեկ պատասխան չի տալու իր տեսածի ու ապրածի համար: Պարզապես շարունակում է ապրել՝ շնորհակալ լինելով, որ ողջ է: Միայն մի բան է ուզում՝ թող գնահատվեն ու արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենան բոլոր այն տղաները, որ իսկապես արժանի են դրան:

«Էս ամեն ինչը բերեց այն ամենին, որ դու՝ որպես երիտասարդ, քո ազգի ապագա, սկսում ես կյանքին ուրիշ ձեւ մոտենալ, ամեն ինչի արժեքը փոխվում է ու բարձրանում»,-նշում է Ալբերտ Դանիելյանը:

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*