«Մեր բժիշկներին վստահում եմ»․ Փաշինյանը մասնակցեց ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությանը

«Մարդուն առողջություն ու ժպիտ պարգևելը ամենամեծ առաքելությունն է»
pashinyan-varchapet

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին մասնակցեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում 1001 շրջանավարտների՝ Հիպոկրատի երդում տալու արարողությանը։

«Ես հավատում եմ ձեր առաքելությանը, ես հավատում եմ մեր առաքելությանը, ես հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց վարչապետը:

«Լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են առաքելության խորը գիտակցությամբ: Մարդու, առավել ևս` բժշկի համար մասնագիտությունը առաջին հերթին առաքելություն է: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտները մասնագիտական կյանք են մտնում հավատով, որ իրենք փոխելու են աշխարհը, եթե ոչ ամբողջ, ապա առնվազն այն աշխատանքային աշխարհը, որում իրենք ապրում են։ Ի վերջո, մարդուն առողջություն ու ժպիտ պարգևելը ամենամեծ առաքելությունն է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ բժշկության ոլորտում  խնդիրներ կան, բայց նա հայ բժիշկներին վստահում է:

«Ես և իմ ընտանիքը դրսում բուժում ստանալու փորձ չունենք, հուսամ՝ լուրջ առողջական խնդիրներ չենք ունենա, բայց ես մեր բժիշկներին վստահում եմ: Չնայած գիտեմ` բազմաթիվ խնդիրներ կան, բայց եթե մենք այս կրթական համակարգում ստեղծագործ, հետևողական լինենք և ժամանակակից, խնդիրներն էլ ընթացքում կլուծվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր սաներին հորդորեց միշտ հիշել այն երդումը, որն այսօր տվեցին հայրենիքի ու դասախոսների առջև:

«Դուք այսուհետ պետք է որոշեք` լինել բժիշկ, թե աշխատել բժիշկ: Լինել բժիշկ՝ նշանակում է լինել նախաձեռնող, աշխատել անձնվեր ու անձնազոհ, լինել խոհեմ և պատասխանատու՝  և՛ արածների, և՛ չարածների համար: Լինել բժիշկ՝ նշանակում է լինել մտավորական»- շեշտեց ռեկտորը:

ԵՊԲՀ 2017-2018 ուսումնական տարում 1001 շրջանավարտներից 45-ը ստացան կարմիր դիպլոմ, իսկ 24-ը համալրեցին ռազմական բժիշկների շարքերը:

*

*