«Մեր և ձեր Հայրենիքն այլևս ձերն է»․ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի հետ

«Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում այցելեց Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Այնտեղ էին հավաքվել ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և  «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»ի թղթակիցը, վարչապետին դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած պատվիրակությանը և նշեց, որ ուրախ են հանդիպելու Բրյուսելում:

«Հաջողություններ ենք մաղթում երկրի բարօրության ապահովման, մեր պետության զարգացման գործում: Մենք ականատես եղանք մի իրողության, որը սկիզբ առավ ամիսներ առաջ և դեռ շարունակվում է, մեր հուսահատված ժողովուրդը համախմբվեց և կանգնեց քաղաքական գործընթացների հիմքում»,- ասաց  Զատիկ վարդապետ Ավետիքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հիմնական իմաստի մասին: Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե Հայաստանի քաղաքացիություն, երկրում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում:

«Հեղափոխությունից հետո մեր հիմնական ձեռքբերումը եղավ այն, որ անկախ նրանից ունի դե յուրե քաղաքացություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ-ի հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Եվ ես լիազորված եմ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Այս փոփոխության հիմնական իմաստը դա է, մեր և ձեր Հայրենիքն այլևս ձերն է, այն վերադարձված է ժողովրդին: Ես ուզում եմ արձանագրենք ընթացիկ քաղաքական իրավիճակի ամենակարևոր փոփոխությունը՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին: Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ աշխարհի հայությունը կերտած հաղթանակի համահեղինակն է, անհնար կլիներ դրան հասնել առանց հայության հզոր աջակցության:

«Այսօր միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես տեղի ունեցան հայաստանյան իրադարձությունները: Ասում են, որ ոչ մի հետազոտական կենտրոն նման բան չէր կանխատեսել: Ասում եմ՝ այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով, Հայաստանում գտնվող և աշխարհի հայերի մեծամասնությունը հստակ կանգնեց հեղափոխության ակունքներում: Կոռումպացված իշխանությունը հստակ հասկացավ, որ դիմադրություն չի կարող լինել, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Մենք պետք է այս միասնականությունն օգտագործենք հետագայում հաղթանակներ կերտելու համար: Դուք հաղթել եք,  եկել է ժամանակը, որ մենք լինենք միասին, ապրենք միասին Հայաստանի Հանրապետությունում, մեր ուսերին կրենք մեր հետագա հաղթանակների բեռը: Կոչ եմ անում ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

pashinyan-belgia (1)

*

*