Ամոթ էր՝ առանց փառքի վարագույրի

...համբուրեց իրեն բարձրացնող ձեռքերը, որոնք ջարդել էր վերելքի ընթացքում
menakutyun

Նայեց ծանոթ դռներին, որոնք վաղուց արդեն հյուրընկալ սպասումով չէին տարված. առանց որևէ բան ասելու փակվել էին երբեմնի լայն բացված դռները: Հայացքը հետևեց ժամացույցին, շտապով բացեց իրեն վստահված աշակերտների տետրերը, որոնք վաղուց արդեն այլ բովանդակությունների համար էին գնահատվում: Փնտրող աչքերը հառեց պատուհանին, ապակու հայելուն սառնամանիքի, ձյան նկարող ձեռքը երազների այլ հերոսուհիներ էին կենդանացրել, հարազատ տերևները վաղուց արդեն ձյան շերտի տակ կորցրել էին իրենց գծագիրը: Միայն քամին էր ժամանակ առ ժամանակ այցելում՝ լրբային ծաղրի ու անցածը դեմքին շպրտելու հեգնական սպասումով:

Մտքերը, որոնք կորցրել էին իրենց դերի զգացողությունը, ի զորու չէին այլ նախագծեր ստեղծելու, անզոր էին անդունդի եզրին առանց մի քայլ անելու հնարավորության:

Հետ սլանալով՝ փորձեց շողոքորթել իր այն «ես»-ին, ում հետ մնացին բոլոր հարազատները, կյանքի սերը, երջանկությունը, իր այն «ես»-ին, ում խլեց փառքի բարձրունքը:

Վերելքի ճանապարհին երջանկության ժամանակավոր թրթիռները մանր ասեղներ դարձած ծակում էին հոգին, անկեղծության ոտնահարումից գարշահոտ էր տարածվել շուրջը: Թևերն անզոր թափահարող թռչունի նման փորձում էր վեր բարձրանալ, սակայն առավել շատ էր զգում երկրի ձգողության ուժը:

Ամոթ էր… մերկացած՝ առանց փառքի վարագույրի, որ անակնկալ հետ էր սահել հպարտ գլխի վրայից: Ինչքան ստեր, թերություններ էր քողարկել կախարդական այդ վարագույրը…

Վայրէջքի ճանապարհին հերթով տեսավ այն աստիճանները, որոնք խոնարհված գլուխներ էին դարձել, համբուրեց իրեն բարձրացնող ձեռքերը, որոնք ջարդել էր վերելքի ընթացքում:

Ցուրտ էր՝ մերկացած առանց փառքի վարագույրի…

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*