Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը

«Հայաստանից «Թումոյի» արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է»
tumo-paris

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է.

«Իրականում շատ ուրախ եմ, որ «Թումոյի» մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից «Թումոյի» արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում «Թումոյի» միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը…

Ներկայումս նախատեսվում է «Թումոյի» մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում: Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր «Թումո», և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով»:

*

*