Կփակվի Ալավերդու միջով հայ-վրացական սահման տանող ավտոճանապարհը

Նախարարությունից ընգծում են, որ այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
lori-vrastan

Նորոգվում, իսկ ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրության, հիմնանորոգվում է Վանաձորից Թումանյան ճանապարհը: Եվ ահա, սեպտեմբերի 14-ից, մասնավորապես այդ օրվա առավոտյան ժամը 08.00-ից՝ փակվելու է Վանաձորը Ալավերդու միջով հայ-վրացական սահման տանող ավտոճանապարհը:

Նախարարությունից ընգծում են, որ այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այլընտրանք կա: Մասնավորապես տարանցիկ բեռնատարների եւ երթուղային ավտոբուսների համար դա՝ Երեւան — Սեւան — Իջեւան, Ոսկեպար — Նոյեմբերյան — Բագրատաշեն — Վրաստանի սահման ճանապարհահատվածներն են կամ Երեւան — Սպիտակ — Վանաձոր  այնուհետեւ Դիլիջան-Իջեւան — Ոսկեպար — Նոյեմբերյան — Բագրատաշեն երթուղին է:

Այլընտրանքային ուղի կա նաեւ ներ-համայնքային երթեւեկության դեպքում՝ դեպի Ալավերդի, Վանաձոր եւ մոտակա բնակավայրեր: Այն է՝ Վանաձոր — Ստեփանավան — Ագարակ — Կողես — Այգեհատ — Օձուն — Ալավերդի — Վրաստանի սահման երթուղին, կամ Վանաձոր — Դսեղ — Մարց — Թումանյան ճանապարհը:

Հիշեցնենք՝ Հայաստանից Վրաստան ուղեւորվող մարդատար եւ միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաեւ Երեւան — Գյումրի — Աշոցք — Բավրա — Վրաստանի սահման մայրուղուց:

*

*