«Օտարերկրացուն բացատրելիս ասում ենք, որ Հայաստանը Թուրքիայի կողքին է» — Երկիր Մեդիա

«Օտարերկրացուն բացատրելիս ասում ենք, որ Հայաստանը Թուրքիայի կողքին է»

Զբոսաշրջության պետական կոմիտեն ամփոփում է մեկամյա աշխատանքը
zeytuncyan

Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում Զբոսաշրջության պետական կոմիտեն մի շարք ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Ամփոփելով կոմիտեի մեկ տարվա գործունեությունը` Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց ի հայտ եկած խնդիրներն ու կատարած աշխատանքները։

«Զբոսաշրջության կոմիտեի ստեղծվելուց հետո առաջին խնդիրը, որի առաջ մենք կանգնեցինք՝ Հայաստանի ճանաչելիությունն էր։ Խնդիրն այն է, որ եթե այլ երկրում մեր երկրի տեղը օտարերկրացուն բացատրելիս ասում ենք, որ Թուրքիայի կողքին է և նա հասկանում է, ապա նշանակում է, որ մենք լուրջ խնդիր ունենք»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը։

Անդրադառնալով բազմիցս քննարկված սանհանգույցների թեմային, Զեյթունցյանը նշեց.

«Մենք խոսել ենք նաև մասնավոր սեկտորի մի քանի ներկայացուցիչների հետ և պլաններ ունենք, որպեսզի ոչ միայն սանհանգույցներ լինեն, այլ նաև հանգստի կետեր, որտեղ կարելի է նաև մի փոքր սնվել, ջուր խմել, նստել և հանգստանալ։ Մեղրի-Երևան ճանապարհին հարցեր են առաջանում տղամարդկանց և կանանց համար առանձին սանհանգույցներ կառուցելու վերաբերյալ, քանի որ Իրանից մենք բազմաթիվ զբոսաշրջիկներ ենք ունենում»։

5 ամիսների ընթացքում, Զեյթունցյանի խոսքով, Հայաստան այցելել է ավելի քան 50 լրագրող՝ Չինաստանից, Ֆիլիպիններից, Կորեայից, Հնդկաստանից, նաև Գերմանիայից վերջերս այցելել է 12 լրագրող։ Ընդհանուր առմամբ, 50-ից ավելի հոդված է տպվել Հայաստանի մասին։

«Սա աննախադեպ է, և մենք, տարբեր երկրներից լրագրողներ հրավիրելով, որոշակիորեն լուծում ենք երկրի ճանաչելիության հարցը։ Միայն Ռուսաստանից սպասվում է 50-ից ավելի լրագրող՝ տարբեր հեռուստաալիքներից, թերթերից, ամսագրերից։ Մոտ 6 և ավելի հեռուստաֆիլմեր են ցուցադրվել Հայաստանի մասին տարբեր հեռուստաալիքներով»,-եզրափակելով խոսքն՝ ասաց Զարմինե Զեյթունցյանն ու հավելեց, որ իրենք մասնակցում են նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) կազմակերպած համարյա բոլոր կարևոր միջոցառումներին, որտեղ շատ կարևոր լոբբինգ է իրականացվում։

*

*