Հենց օտարացար, վե′րջ. սկիզբն է դժվար

Օտարացումից հեշտ, օտարացումից դժվար ու օտարացումի պես անբուժելի...
odanavakayan

Օտարացումից «հեշտ» բան չկա, սկիզբն է դժվար, հենց օտարացար, վերջ. ոչ սիրտդ է թրթռում, ոչ հիշողությունդ է եռում, հոգիդ ու մարմինդ սառում են, շրջապատող աշխարհից ներս ես քաշվում ու բանալու մի անցքից անտարբեր հայացքով հետևում  կատարվող անցուդարձին: Հայացքների տաքն ու սառը չես զգում, աշխարհի գույների մեջ չես մոլորվում: Քայլում ես համր, ապրում ես առանց շնչառության, չես վախենում, որ ինչ-որ բան հանկարծ կկորցնես: Կյանքը ողորկ, անգույն մի բան է դառնում, բայց դու դրանից չես տխրում, չես էլ ուրախանում, քանի որ համի զգացումդ կորցրել ես:

Քո սիրելի գունավոր նկարը դիր լվացքի մեքենայի մեջ ու լավ պտտիր, տես տակն ինչ կմնա. անգույն թղթի պատառիկների, խամրած գույների, ճմրթված պատկերների մի հավաքածու:

Կամ պատկերացրու ջրաքիսի լավ մշակված մորթին: Թե ինչպես են հարուստ ու քաղքենի տիկնայք մեծագույն պչրանքով կրում այն ու շորորալով՝ նայում իրենց հպարտության բարձունքից, քանի երեկո է զարդարում այդ թանկարժեք հագուստը: Բայց դրանից ջրաքիսին ի՞նչ, երջանկացա՞վ, որ իրեն սպանեցին, մորթին պատռեցին  ու անխնա տրվեցին փառամոլության բերկրանքին: Չէ, ջրաքիսը դրանով չկա…Նույնն էլ մարդիկ են պարուրված օտարության քողով. նրանք աշխարհի համար և աշխարհն էլ նրանց համար այնքան կա, ինչքան բոլոր կենդանիների համար ջրաքիսի մորթին:

Հետաքրքիր բան է օտարացումը, փոշեծծիչի նման քաշում, կուլ է տալիս շուրջն ինչ կա, անխնա, առանց տարբերակելու: Փորձիր այդ փոշեծծիչից կերածները հետ ստանալ, տես ինչ կգտնես:

Օտարացումից հեշտ, օտարացումից դժվար ու օտարացումի պես անբուժելի հոգու ոչ մի հիվանդություն չկա: Պատկերացրեք մարդկանց, որ անխնա զգացմունքներ են սպանում, մարդկանց, որ հավաքում են իրենց ճամպրուկները՝ դեն նետելով ծննդավայրի, հարազատների ջերմությունը, ինքնաթիռ նստելով ու մոտենալով օտարության դռանը:

Հենց ներս մտար, վերջ. սկզիբն է դժվար:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*