«Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին»․ Օսիպյան

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ
osipyan

Օգոստոսի 23-ին մարտական դիրքերը պաշտպանելու մեկնող ոստիկանության զորքերի առաջին հերթափոխի հետ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Եվ խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:

Վալերի Օսիպյանը հիշեցրեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը որքան կազմակերպված և պատվով կատարեցին իրենց խնդիրը, օրինակ բերեց, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:

Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցեց, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու:

«Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասաց ոստիկանության պետը»:

*

*