Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ․ վարչապետն այցելել է կադաստրի պետական կոմիտե

Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին
kadastr

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին:

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին:

Նշվել է, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս 3-ը՝ լուծարվել:Նախատեսվում է մինչև տարեվերջ լուծարել ևս 5 սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ: Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք լուծարված սպասարկման գրասենյակների հետևանքով բնակչությանը մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով որևէ խնդիր չի արձանագրվել, քաղաքացիների համար որևէ դժվարություն չի առաջացել: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող բարեփոխումը և առաջարկել սպասարկման մյուս գրասենյակների դեպքում ևս գործել նույն կերպ: Նշվել է, որ այդ պարագայում կտնտեսվի լրացուցիչ 635 մլն դրամ:

Ներկայացվել է նաև կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը:

Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը:

*

*