Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին

«Աշխատակիցները Նազենի Ղարիբյանին համարում են մարդ, ով ճանաչում է թատրոնը միայն բողոքներով»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը մայիսի 27-ին ժողով է հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու դեմ իր բողոքն արտահայտելու համար: Թատրոնի աշխատանքային կոլեկտիվի անդամները նշում են, որ թատրոնի ֆինանսավորումը հյուրախաղերի մասով կրճատվել է Նազենի Ղարիբյանի ակտիվ մասնակցությամբ:

Նրանք նշում են, որ կարելի էր կոլեկտիվի հետ խորհրդակցել կառավարման խորհրդի նախագահ ընտրելուց: Օպերային թատրոնի աշխատակիցները Նազենի Ղարիբյանին համարում են մարդ, ով ճանաչում է թատրոնը միայն բողոքներով:

Կոլեկտիվի անդամներն առաջարկում են նոր ընտրություն կազմակերպել:

Մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն օրեր առաջ վարչական դատարան էր դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցադիմումը մակագրվել է մայիսի 23-ին՝ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

*

*