Օպերայի աշխատակիցները ցույց են անցկացնում կառավարության շենքի առջեւ (լրացվում է)

...պահանջելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը

10:30

Մշակույթի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ քիչ առաջ մտան կառավարության շենք՝ հանդիպելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք վարչապետին կփոխանցեն բողոքի փաստաթուղթը, որով պահանջում են տնօրենի պաշտոնում վերականգնել  Կոնստանտին Օրբելյանին եւ աշխատանքից ազատել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Կառավարության դիմաց են հավաքվել նաեւ ներկայացուցիչներ Մայր թատրոնից, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից, Պատանի հանդիսատեսի թատրոնից եւ այլն։ Նրանք դեռ երեկ հայտարարություն էին տարածել նշելով, որ միանում են օպերայի աշխատակիցների բողոքին։

«Երկիրն այսօր»-ի թղթակիցը խոսել է նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ Օպերայի եւ բալետի թատրոնը գլխավորելու առաջարկ պաշտոնական չի ստացել։ Հարցին՝ արդյոք նա պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը առաջարկի դեպքում, նա պատասխանեց՝ այնպես չի, որ չի կարող, բայց այս պահին այստեղ է՝ պաշտպանելու Կոնստանտին Օրբելյանի շահերը, ում հետ, իր կարծիքով, անարդար են վարվել։

——-

Կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ առավոտից հավաքվել են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներ։ Նրանք բողոքում են Կոնստանտին Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ եւ մտադիր են նամակ փոխանցել կառավարությանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք, որ ըստ Նազենի Ղարիբյանի՝ նոր տնօրենի անունը հայտնի է դառնալու այսօր՝ ապրիլի 1-ին։

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*