Նպաստառու 1000 ընտանիք կդառնա կայուն եկամտի ստեղծման համակարգի շահառու

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը...

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ  նախագծի հիմքում ընկած են նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի հաջողված փորձը, երբ ընտանիքներին՝ նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում»,- ասաց նախարարը:

Այս մասնագետներն արդեն վերապատրաստվել են միջազգային գործընկերների կողմից՝ կարիքների գնահատման և թիրախային խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը այդ 1000 ընտանիքին փողը տալիս է, անասունը տալիս է, կերը տալիս է, խորհրդատվությունը տալիս է և ասում՝ «սա մենք տալիս ենք, որ դուք ձեր աշխատանքով հաղթահարեք աղքատությունը»: «Սրանով մենք մեսիջ ենք հղում, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի չկա»,- շեշտեց վարչապետը:

*

*