Նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողության միջազգային օրը

Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր...
usanoxi-or

Նոյեմբերի 17-ը աշխարհում նշվում է որպես Ուսանողության միջազգային օր։
1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների տարան համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, 9 ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը եւ Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։

Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված թավշյա հեղափոխության։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր։

Հայաստանում որպես ուսանողների և երիտասարդների օր նշվում է նաեւ մայիսի 16-ը։

*

*