Մաքսազերծված մեքենաները կտարհանվեն, եթե երկու օրում չհանվեն մաքսատնից

«Տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի ու նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում»
noragavti-maqsatun

Նորագավթի ավտոմաքսատանը մաքսային ձևակերպում ստացած, սակայն մաքսատան ավտոկայանատեղիում մնացած մեքենաները եթե երկու օրում դուրս չբերվեն տարածքից, ապա կտարհանվեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ավտոմաքսատան և դրան հարակից տարածքում բազմաթիվ ավտոմեքենաների առկայությունը ռիսկային է և հնարավոր հրդեհային վիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է լուծել խնդիրը:

Արձագանքելով՝ Անանյանը նշեց, որ այս տարվա 6 ամսում Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար:

«Նորագավթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձևակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի ու նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,- ասաց ՊԵԿ նախագահը:

*

*