Նոր տարին՝ առանց թունավորումների

ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է հրապարակել․․․
uteliq-snund

ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է հրապարակել Նոր տարվա տոներից առաջ՝ ճիշտ սննդակարգի և թունավորումներից խուսափելու համար: Ներկայացնում ենք դրանք ամբողջությամբ.

«Սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում:

Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110 աստիճան C, ապա սառեցնել եփելուց հետո:

Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ:

Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 աստիճան C բարձր ջերմաստիճանում):

Ձեռքերը հարկավոր է լվանալ 20 վայրկյանի ընթացքում` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջարեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:

Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջարեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ:

Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված  ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:

Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել  72 ժամ»: