Նոր Նորքի ապօրինի կառույցի սեփականատերը փորձել է խանգարել ապամոնտաժման աշխատանքներին

Քաղաքապետի մամուլի խոսնակը՝ աղմուկ հանած ապօրինի շինարարության մասին
aporini-shinararutyun

Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության  սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է, որ շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: «Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետեւ կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին՝ սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերեւույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ:

Արձագանքելով մի քանի մեկնաբանությունների, մամուլի խոսնակը պարզաբանել է, որ  սա ոչ առաջին, ոչ էլ միակ ապօրինի շինությունն է, որը պետք է ապամոնտաժել: Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին: «Նոր Նորքի այս կառույցը, թերեւս առանձնանում է նրանով, որ կառուցապատողն ակնհայտ անհարգալից վարք է դրսեւորում օրինականության նկատմամբ եւ, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը: Այնպես որ, որեւէ խտրական, թիրախավորված մոտեցում չկա՝ ապօրինի կառուցապատման վերաբերյալ մոտեցումը ընդհանուր է՝ ապօրինի շինարարություն Երեւանում չպետք է լինի։ Միեւնույն ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հայտարարել է, որ օրինական շինարարություն իրականացնելու ընթացակարգը հնարավորինս պարզեցվում է: Ստացեք շինթույլտվություն, համապատասխանեցրեք նորմերին ու կառուցեք, ոչ մի խնդիր չկա»,-գրել է նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները