Հուլիսի 10-ին ամփոփվեցին «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավի շրջանակներում իրականացված մրցույթի արդյունքները, որը կազմակերպել էր «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը (WWF-Հայաստան): Մրցանակակիրները ընտրվել են ժյուրիի կողմից:
Մրցույթին մասնակցել են հարյուրից ավելի նկարներ, որոնք պարունակում էին նաև կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Լուսինե Ստեփանյանը, ում հանձնվեց գլխավոր մրցանակը՝ լեռնային հեծանիվ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին` Դավիթ Հայրապետյանն ու Մանանա Հովակիմյանը:
Ժյուրին առանձնացրել էր նաև «ամենաստեղծագործ» մասնակցին՝ Արգիշտի Մկրտչյանին, ով որոշել էր շախմատ խաղալ վիրտուալ ընձառյուծի հետ:
Մասնակիցները, ARLOOPA հավելվածի միջոցով սքանավորելով ընձառյուծի նկարով մարկերը, կարողանում էին ստանալ վերջինիս եռաչափ անիմացիոն պատկերը: Նախաձեռնությունն իրականացվում էր ARLOOPA (X-Tech) ընկերության հետ համատեղ: