«Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը մշտական լինի»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Սիսիանի հրապարակում հավաքված բնակիչների հետ
pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում հանդիպեց Սիսիանի հրապարակում հավաքված բնակիչների հետ, լսեց նրանց հարցերը և վստահեցրեց ընթացք տալ դրանց լուծմանը։ Պաշտոնյան նշեց, որ իրեն մեղավոր է զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներառվել իր երթուղում, բայց դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Եթե այստեղից սկսեինք, երևի հիմա նոր Երևան կհասնեինք»՝ կատակեց վարչապետը։ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրին է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ մշտական լինի»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ բնակիչների բարձրացրած տարաբնույթ հարցերին։

Անդրադառնալով վթարային շենքերի խնդրին ու դրանցում բնակվողների պայմանները բարելավելուն՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դրսում ապրող սիսիանցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։  «Մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ նվազեցնելու հիպոթեքային վարկերի տոկոսները, որպեսզի մարզերում սկսեն սոցիալական նշանակության բնակարանաշինություն»,-տեղեկացրեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք մեկնարկել է այսօր առավոտյան։ Նա կլինի Գորիսում, կայցելի Ագարակ, Մեղրի։

*

*