«Պետք չէ թողնել ամեն ինչ հասնի իրավապահներին»․ վարչապետ

Նա նշեց, որ կան փաստեր, ըստ որոնց, որոշ համայնքներում գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում
nikol-pashinyan-syuniq-05072018a (1)

Հայաստանի կառավարությունը համայնքների հետ տրամադրված է կառուցողական աշխատանքի: «Արմենպրես»ի հաղորդմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Գորիսում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ այս փոփոխությունների ընթացքում համայնքների ղեկավարների շրջանում ապագայի հետ կապված կան անորոշություններ: Ասեմ, որ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք մեկտեղել մեր ուժերը և իրական փոփոխություններ բերել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Նա նշեց, որ կան փաստեր, ըստ որոնց, որոշ համայնքներում գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում, ինչն, ըստ վարչապետի, շատ վատ երևույթ է: Նա կոչ արեց, որ դրանք շատ արագ վերացվեն, բանը չհասնի իրավապահ մարմինների միջամտությանը:

«Ես, վարչապետ ընտրվելուց հետո, հանդիպեցի գործարարների հետ ու պաշտոնապես հայտարարեցի, որ ազատված են կոռուպցիոն պարտավորություններից: Այսօր էլ ասում եմ, և խոսքս ուղղում ձեզ` ազատված եք կոռուպցիոն պարտավորություններից: Պետք չէ թողնել ամեն ինչ հասնի իրավապահներին, ֆիքսենք մի բան, ինքներդ գնացեք ձեր գործունեությանը նայեք այլ աչքերով: Մենք այլ տարբերակ չունենք, մարդիկ շատ արագ պետք է զգան փոփոխությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշեց, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված է եղել 5 մլրդ դրամ, և քանի որ ֆինանսական խնդիրներ կան, հետևաբար նա առաջարկեց չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով՝ կառավարության կողմից: 

Վարչապետը տեղեկացրեց, որ բյուջեում 48 մլրդ-ի չափով նախատեսվածից ավելի հավաքագրում կա: Ընդ որում, այդ թվերի մեջ հաշվարկված չեն  վնասները, որոնք վերականգնվել են իրավապահ մարմինների բացահայտումների շնորհիվ:

*

*