Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Երևանի գինու օրերին»

Սա արդեն 3-րդ տարին անցկացվող, Երևանին նվիրված միջոցառում է...
ginu-orer

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրերին»: Իր ուղիղ եթերի ժամանակ նա նշեց, որ այս փառատոնը դառնում է մեր երկրի կարևոր բրենդներից մեկը և կոչ արեց բոլորին գնալ ու մասնակցել:

Մայրաքաղաք Երևանում հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառումը մեկնարկել է այսօր: Մայիսի 3-ին մեկնարկած միջոցառումը կազմակերպել է «ԷվենՏուրա» ընկերությունը:

«Սա արդեն 3-րդ տարին անցկացվող, Երևանին նվիրված միջոցառում է՝ միտված գինու և գինու տուրիզմի հանրահռչակմանը: Միջոցառումը միտված է զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը, նաև հանրությանը ծանոթացնելու գինու մշակույթին, նոր գինեգործներին, նոր արտադրողներին, հին արտադրողներին, որոնք ունեն նոր գինիներ: Կարծում եմ, որ սա բարի ավանդույթ է դառնում, որտեղ երևանցիներն ու հյուրերը հանդիպում են»,-ասաց «ԷվենՏուրա»-ի համահիմնադիր Նունե Մանուկյանը:

Միջոցառմանը մասնակցող ռուս զբոսաշրջիկ Նատալյա Նեբովան «Երևանի գինու օրեր»-ի մասին լսել է հայաստանցի ծանոթներից մեկից: «Գիտեմ, որ ամեն տարի անցկացվում է: Այնպես ստացվեց, որ այս տարի էքսկուրսիա էինք գալիս ու եկանք մասնակցելու նաև գինու օրերին»,-ասաց նա ու հավելեց, որ  իրենց իսկապես շատ է դուրս գալիս հայկական գինին՝ հատկապես նռան:

Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին  ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Միջոցառմանը ներկա էին նաև պատգամավորներ, քաղաքական, մշակութային գործիչներ: Այն կշարունակվի նաև մայիսի 4-ին, ժամը 19:00-ից մինչև 23:00-ն:

*

*