«Բառացի ասել եմ, որ վայը եկել տարել է այն դատավորներին, ովքեր…». Նիկոլ Փաշինյան

...անցումային արդարադատությունը ամբողջ աշխարհում ընդունված գործիք է
pashinyan-arayik-chinakan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ անցումային արդարադատությունը ամբողջ աշխարհում ընդունված գործիք է: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ այդ մեխանիզմների հետ կապված քննարկումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցել են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո:

«Ինչո՞ւ ենք մենք այդ մասին խոսում հիմա, որովհետև կան իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ են, իսկ այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու և դրանք վերադարձնոելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավաստիացրեց, որ ինքը շարունակում է չմիջամտել դատական իշխանության գործերին, սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ  չի հանդուրժելու այն դատավորներին, ովքեր փորձելու են առաջ շարժվել կողմնակի ազդեցություններով և կաշառքով:  «Ես ասել եմ, որ այն դատավորները, ովքեր կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք կողջունենք նրանց, սակայն բառացի ասել եմ, որ վայը եկել տարել է այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքով կփորձեն դատական համակարգն այլ ուղղությամբ տանել: Ես ի՞նչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ ջան, ես չեմ միջամտելու ձեր գործերին, սակայն եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետևի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապեր օգտագործեն, դա չի լինելու: Ես խոսում եմ երևույթների մասին, ես չեմ խոսում կոնկրետ դեպքերի մասին, որպեսզի դեպքերի վրա ազդեցություն չունենամ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները