«Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է օրինականության հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր». Նիկոլ Փաշինյան

«Դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն»
nikol (2)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության պահանջն է, որն ի կատար ածելու համար  դատախազության դերը շատ կարևոր է:

Այս մասին ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը իր շնորհավորական խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարծում եմ՝ տոնական այս օրը մենք պետք է նաև որոշակի շեշտադրումներ անենք դատախազության 100-ամյա գործունեության կապակցությամբ:  Հարյուր տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձություններից, որոնք մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել են որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին:

«Ցավոք, անկախության վերականգումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով և տոնական տրամադրությամբ են հագեցած եղել: Ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում իհարկե եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր, որոշումներ և բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում՝ մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով՝ ինչպես պետական մյուս մարմինների համար, այնպես էլ դատախազության համար նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է տալիս դատախազությանը: «Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է, որ նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի: Անմեղները պետք է ընդհանարապես որևէ հետապնդման չենթարկվեն, դատավարության բոլոր  կողմերի  իրավունքները պետք է պաշտպանվեն, և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է»,- շեշտեց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի  օրինականության ապահովումը:

«Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է  օրինականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը և քաղաքականությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ»,- նշել է ՀՀ վարչապետը:

*

*