«Մարդ կա, չի գնում աշխատի, ասում է՝ նպաստից կզրկվեմ». Նիկոլ Փաշինյան — Երկիր Մեդիա

«Մարդ կա, չի գնում աշխատի, ասում է՝ նպաստից կզրկվեմ». Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները...
ayhegovit2 (1)

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը: Բնակիչները վարչապետի հետ զրույցում նշեցին, որ համայնքում ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, մյուս կողմից էլ` կադրերի պակասը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել համայնքային ծրագրերին, սակայն համայնքը ինքը նույնպես պետք է մասնակցություն ունենա:

«Համայնքը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր, ասի` կառավարություն, ասենք, դու ֆինանսավորի 70 տոկոսը, 30-ն էլ համայնքը կտա: Դա արդեն ուրիշ խոսակցություն է: Հիմա թող Այգեհովիտ համայնքի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ աշխատի, ծրագրերը ներկայացնի, մենք էլ՝ համաֆինանսավորենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Համայնքի բնակիչները նշեցին, որ երիտասարդությունը հեռանում է գյուղից աշխատանք չլինելու պատճառով: Վարչապետը կարևորեց աշխատանքի համար համապատասխան պայմանների ստեղծումը:

«Հողը կա, ջուրը կա, վարկերի հետ կապված բանկային տույժ-տուգանքների մասով առաջարկությամբ հանդես եկանք, հիմա աշխատում ենք տոկոսների իջեցման ուղղությամբ: Պետք է աշխատել, բայց մարդ կա, չի գնում աշխատի, ասում է՝ նպաստից կզրկվեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է հուսահատությունը մոռանալ և միասին աշխատել:

Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ հացի արտադրամաս կա, որն աշխատող է փնտրում 100 հազար դրամով, սակայն աշխատող չկա:

*

*