Ամենամեծ պրոբլեմն այն է, որ չունենք գնահատական` ինչ ասել է աղետի գոտի. Նիկոլ Փաշինյան

...կա ևս 4000 ընտանիք, որ բնակվում է տնակներում
nikol-pashinyan-nist-gyumri2 (1)

Աղետից 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք չունենք գնահատական` ինչ ասել է աղետի գոտի, ինչ ծավալի մասին է  խոսքը, ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար, ընդ որում միայն բնակաշինարարության մասին չէ խոսքը: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անցկացված կառավարության արտագնա արտահերթ նիստում:

Նա քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանից հետաքրքրվեց, թե պետությունն աղետի գոտում քանի ընտանիքի հանդեպ ունի պարտավորություն: Էլոյանը նշեց, թե 498:

Փաշինյանն արձագանքեց. «Եթե մենք 498 ընտանիքի հարցը լուծում ենք, պետության պարտավորությունների շրջանակում այդ հարցը կարո՞ղ ենք համարել լուծված»:

Էլոյանը նշեց, որ բացի այդ հաշվառված 498 ընտանիքից կա ևս 4000 ընտանիք, որ բնակվում է տնակներում: Ըստ Էլոյանի` դեռ հաշվարկված չէ, արդյոք այդ 4000 ընտանիքից քանիսի հանդեպ է, որ պետությունը ունի պարտավորություն:

«Կան մարդիկ ովքեր տուժած են, կան ընտանիքներ, որ ստացել են բնակարան բայց վարձով են տալիս: 2019-ին պետք է փաստենք ամբողջը»,- ասաց Էլոյանը:

*

*