«Մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա»․ Արամ Ա-ն՝ Ն․ Փաշինյանին

Անթիլիասում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Ա-ի հանդիպումը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում և կոչված ենք մեր ժողովրդին ծառայել:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք և ունեցանք: Այս առիթով մեկ անգամ ևս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թևերով, և ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետև Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետևաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը`  Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ ևս այս մտածումներով և սպասումներով ողջունում եմ Ձեզ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Շնորհակա′լ եմ, Վեհափառ տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախևառաջ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգևոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը և գնահատանքը Ձեզ և Ձեր գործունեությանը և շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետև այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*