«Ներողությամբ վերքերը չես սպիացնի».բռնության ենթարկված լրագրողներ

Բռնության ենթարկված լրագրողների գործով 2 քրգործ է հարցուցվել:

Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերը մեկնաբանող Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը հիվանդանոցում է:

«Նռնակների, պայթուցիկների կիրառման արդյուքնում, ստացել եմ վնասվածքներ, աջ ոտքիս 2-3 հետք կա…»,- պատմում է նա:

Ձեռքերին նույնպես վնասվածնքներ ունի: Ըստ Ռոբերտի՝ ոստիկանությունն օրենքի խախտմամբ է լրագրողների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառել:

«Օրենքը սահմանում է, որ ոստիկանությունը պարտավոր է հատուկ միջոց կիրառելուց առաջ հայտնել իր այդ մտադրության՝ գործողություն իրականացնելու մասին, ինչպես նաեւ քաղաքացիներին հայտարարել, որ հեռանան տարածքից…»,- շարունակում է նա:

Զգուշացումները սակայն չեն հնչել. Ռոբերտը վստահեցնում է՝ միայն կազմակերպիչներին է ասվել, այնինչ պետք է բարձրախոսով ազդարարվեր սպասվող գործողությունների մասին:

Ամբողջ ընթացքն ուղիղ եթերով է հեռարձակվել, արձանագրվել են նաեւ այն կադրերը, որտեղ Սարի թաղի մի բնակիչ նկարահանող խմբին իր մեքենայով փորձել է արագ տեղափոխել հիվանդանոց:

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Ռոբերտը մենակ չէ, կողքի հիվանդասենյակներում նույն օրը տուժած քաղաքացիներից բացի նաեւ գործընկերերն են բուժում ստանում:

Ոտքի եւ ուսերի հատվածում լուրջ վնասվածքներ ունի lragir.am կայքի օպերատոր-լրագրող Մարութ Վանյանը: Պատմում է՝ քաղաքացիական հագուստով անձինք են փայտե ձողերով հարվածել, աջ ոտքին ստացած հարվածն այնքան ուժգին էր, որ անգամ շարժել չի կարողանում.

«Քաղաքացիական հագուստով անձինք են ինձ մոտեցել՝ ոստիկանության հետեւի շարքերից, հարցնում էին՝ ի՞նչ ես նկարում, ես բեյջս ցույց տվեցի, ու ասում էի, որ լրագրող եմ: Ըստ էության դա ոչ մի ազդեցություն չունեցավ, քաշեցին պոկեցին բեյջս ու տեսախցիկը ձեռքիցս վերցրին: Դրան հաջորդեցին հարվածները»,-ասում է նա:

Եթե լրագրողների մի մասին ոստիկանները զգուշացրել էին հեռանալ տարածքից՝ իրենց իսկ անվտանգության համար, ապա Մարութը պնդում է՝ իրեն ոչ մեկ այդպիսի բան չէր հրահանգել:

News.am-ի օպերատոր-լուսանկարիչ Խորեն Գրիգորյանը հիվանդանոցում չէ, սակայն նույնպես տուժել է. հաջողվել է ծեծից խուսափել: Գունդը գրավման պահից մինչեւ այսօր լուսաբանում է դեպքերը, իսկ այդ օրվա կադրերից միայն ֆոտոները պահպանվեցին, տեսախցիկը կոտրել էին:

«Տեսախցիկս վերցնել-ջարդելուց առաջ ինձ եթե մի անգամ ասեին, եթե ես անգամ չեմ լսել, արժեր ասեին: Ես ասում եմ՝ չէ որ ես լրագրող եմ, բեյջս ցույց եմ տալիս… Երբ ես այդ մոտեցող պատն էի նկարում, քաղաքացիական հագուստով մեկը եկավ, ու տեսախցիկիս էկրանը ջարդեց հենց ձեռքիս մեջ ու տարավ: Երբ երկրորդը եկավ, դաստակս բռնեց ու մնացած մասը քաշեց տարավ ձեռքիցս, մինչեւ հասցրի հասկանալ՝ ինչ է կատարվում, այդ պահին մյուսը փորձեց ուսապարկիցս վերցնի, ես հասկացա, որ ինձ ոչ թե ուզում են բերման ենթարկել, այլ առեւանգել, որովհետեւ ոչ մի նշան չկար, որ նրանք ոստիկան են. դե ես մի քիչ ինձ այսպես թափ տվեցի, բաց թողեց…»,- պատմում է Խորենը:

Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց գործադրած բռնությունների հետեւանքով ավելի քան 10 լրագրող է տուժել: Մեդիա փորձագետ Սուրեն Դեհերյանը դեպքերն այսպես է մեկնաբանում՝ անհավատալի է, երբ լրագրողի բեյջն են պոկում ու բռնության ենթարկում, երբ նա ցուցարար չէ ու պարզապես իր աշխատանքն է կատարում:

«Փաստացի ունենք լրագրողներ, որոնք իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում լուրջ վնասվածքներ են ստացել, եւ մինչեւ այս պահը մենք ստացանք ընդամենը մեկ ներողություն, որ այսպիսի դեպքեր էլ չեն կրկնվի: Արդյոք այն լրագրողը, որն այսօր վնասվածքներով պառկած է հիվանդանոցում, պետք է իրեն բավարարված զգա ու համարի, որ արդարությունը վերականգնվել է. այնինչ կա հոգեբանական տրավմա, բարոյական տրավմա»,- նկատում է փորձագետը:

Ներողությամբ վերքերը չես սպիացնի, ամեն ինչ անելու են, որ այս ամենն իրավական գնահատական ստանա. վստահեցնում են բռնության ենթարկված լրագրողները: Արդեն 2 քրեական գործ է հարցուցվել, մեկը՝«Զանգվածային անկարգությունները հրահրելու» հատկանիշով, որտեղ Ռոբերտն ու Մարութը ներգրավված են որպես վկա: Իսկ «Լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման եւ մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու» հատկանիշով քրգործում նրանք որպես տուժող են ճանաչվել:

*

*