Մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկիրն արդյունավետ եւ տարբեր ուղղություններով գործակցում է 90-ականներից:
nato-hayastan

Նոյեմբերի 14-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում: Հրավիրված ասուլիսին ներկայացվել է Քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմս Ապաթուրայի տեսաուղերձը: «ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ հուսալի, կայուն եւ նշանակալի գործընկերություն»,- ասել է նա:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկիրն արդյունավետ եւ տարբեր ուղղություններով գործակցում է 90-ականներից: Ռազմական համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցում է զորավարժությունների, վարժանքների, դասընթացների, ՆԱՏՕ-ն կարեւոր գործընկեր եւ խորհրդատու է պաշտպնական բարեփոխումների, նաեւ՝ պշտպանական կրթության ոլորտներում:

Տոնական շաբաթվա ընթացքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ «Կանայք եւ զինված ուժերը», նաեւ՝ «Կիբերանվտանգույան կարողությունների զարգացումը» խորագրերով աշխատաժողովները, «Գիտություն հանուն անվտանգության եւ խաղաղության» ֆորումը, արդեն ավանդական դարձած հեռուստակամուրջը՝ հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:

«ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի համար գործընկերություն նշանակում է՝ աշխատանք, փոխադարձ մտահոգություն ու հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Օրինակ՝ վերջերս քննարկում էինք Սիրիայի խնդիրը: Հայաստանը, լինելով փոքր երկիր, Սիրիայից քսան հազար փախստական է ընդունել: Քննարկել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ վիճակը:
ՆԱՏՕ-ն հասկանում է Հայաստանի ժողովրդի վրա նման շարունակական հակամարտությունների թողած լուրջ ազդեցությունը: Թեեւ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ այդ հակամարտություններում, բայց մեր գործընկերների հետ միասին փորձում ենք քաղաքական օժանդակություն տրամադրել այն հաստատություններին, որոնք աշխատում են այդ տարածաշրջաններում հանուն խաղաղության»,- ասում է  Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լայուն :

«Հայաստանում մարդկանց հետ շփվելիս, այնպիսի զգացողություն եմ ունենում, որ հասարակությունը թերագնահատում է եւ ամբողջովին չի ընկալում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի արդյունավետ համագործակցությունը: Այս շաբաթը լավ հնարավարություն է հանրությանը ներկայացնելու այդ գործակցությունը»,- նշում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

*

*