Նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքներն է հղել ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով
armen-sargsyan-katoxikos2

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն ապրիլի 14-ին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքներն է հղել ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը լավագույնս պիտի ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե′ հայրենիքում և թե′ Սփյուռքում:

Նորին Սրբությունը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար եւ ընդգծել, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները