Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել

Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ:

Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած եւ այսօր հետմահու պարգեւատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության եւ ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին:

Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*