Սերժ Սարգսյան․ Ինչպե՞ս արդարացնել գյուղացու ակնկալիքները

Նախագահ ը փորձել է ճշտել՝ որքանով են գործում պետության շնորհած արտոնությունները սահմանամերձ համայնքներում.

«Բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին, համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք»: Այսպես է սկսել իր խոսքը հանրապետության նախագահը Տավուշի մարզում հանդիպման ժամանակ: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հատկապես կարեւոր է համարում աշխատանքը տեղում, դա հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին եւ լուծումներ գտնել: Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրները միանման են, լուծումները՝ եւս , բայց հիմնականը սահմանամերձ բնակավայրերում շարունակ ավելացող խնդիրներն են` պայմանավորված նաեւ հրադադարի բազմաթիվ խախտումներով: Դրանք եւ լարվածություն են մտցնում, եւ հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Կա լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն: Նախագահն ավելացրել է, որ փորձել է ճշտել՝ որքանով են գործում պետության շնորհած արտոնությունները սահմանամերձ համայնքներում.

«Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաեւ ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է եւ ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում` ակնկալիքով, որ իրավիճակը կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի, կառավարությունը պատրաստ է տեղերում գործնական աշխատանքին: Նա հորդորել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ լինել ավելի ակտիվ եւ իրատեսական:

Նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաեւ շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ եւ նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

 

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*