Կոչ եմ անում, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը. ՀՀ նախագահ

Նախագահը պետական բարձր պարգևներով է խրախուսել նստավայրում հյուրընկալված կանանց...
nakhagah-kanayq

Կանանց տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների:

Հանրապետության նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի՝ խրախուսել է դրամական պարգևով:

«Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և′ ակտիվորեն պետք է մասնակցեն, և′  նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ:

nakhagah-tey

*

*