«Նաիրիտ»-ի հրդեհի ծուխը կգնա դեպի Թուրքիա

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է...
nairit-hrdeh

«Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։  Այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջությանը վտանգ չի ներկայացնում։  ՀՀ ԱՆ-ն հորդորում է բնակչությանը հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։  Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը՝ հատկապես երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին, խուսափել նույն տարածքներում երկար ժամանակ դրսում մնալուց։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն:

Իսկ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխահարվել է երեք հրշեջ-փրկարար: Նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում»:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ ժամը 17:00-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն  Արարատյան դաշտավայրով  կգնա դեպի Թուրքիայի տարածք։

*

*