Անձրեւոտ մտորումներ` այսօրվա մասին

Իսկ հասարակությունը երկփեղկվել, եռափեղկվել, տրոհվել է տարբեր խմբերի։
andzrev-ciklon

Կարծես թե ամեն ինչ պարզ է, նաեւ՝ տեսանելի ու նյարդայնացնող կենցաղային մակարդակում. անմաքուր փողոցներ, երթուղայիններում ծռմռված-միմյանց ծեփված մարմինների առատություն,  ապրանքների ու ծառայությունների գների աննահանջ աճ, հիմնականում մռայլ, մեծամասամբ՝ անտարբեր-հոգնած դեմքեր՝ տրանսպորտում թե փողոցում, սրճարաններում «իրենց ցույց տվող, ուրիշներին դիտող»` նստած, բազմած, կիսապառկած ու սովորության համաձայն սիգարետից «կառչած»՝ կանացիությունից հեռու աղջիկներ ու իրենց արդուզարդով «կանացիությանը» մոտեցող տղաներ, «ամենքի ու ամեն ինչի վրա թքած» պահվածք, արեւածաղկի սերմի չրթչրթոց ու հետեւանք անմաքրություն, բազմապիսի, բայց պարտադիր բարձրաձայն երաժշտություն մեքենաներից, սրճարաններից, բջջային հեռախոսներից, ուսումնական տարվա սովորական ավարտ՝ «խստիվ արգելված» դրամահավաքներով, հեռուստատեսային արտադրանքի խոտանի մատուցում՝ իբրեւ հեռուստաարտադրանք, կիսագրագիտության հաղթարշավ՝ նույնիսկ 2-3 մետրանոց գովազդային վահանակների վրա, ով ունի՝ «թույն» մեքենաների կամ նույն դառնության պետհամարանիշների, ով չունի՝ գոնե բջջային հեռախոսների ցուցադրամոլություն…

Կարծես թե ամեն ինչ պարզ է նաեւ ներքաղաքական ճակատում. ձեւավորված խորհրդարան ու Երեւանի ավագանի, ընտրապայքարներում հյուծված պատգամավորների երազանք՝ ամառային մոտալուտ հանգստի մասին…  Խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերից պարզ է միայն 2-ի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կարգավիճակը։ Պաշտոնական ընդդիմություն հռչակված ԲՀԿ-ում նախընտրական խմորումները կարծես շարունակվում են,  «Ելք»-ից էլ մարդ բան չի հասկանում։

Արտախորհրդարանական ուժերից դեռ շրջանառվում է ՀԱԿ-ի անունը, բայց այն իր պսեւդոխաղարարասիրական անհասկանալի (կոնկրետ ինձ համար՝ անընդունելի) մոտեցումների պատճառով դժվար թե երկրորդ շնչառություն ստանա։

Իսկ հասարակությունը երկփեղկվել, եռափեղկվել, տրոհվել է տարբեր խմբերի՝ սրա կամ նրա կողմնակիցների, ո’չ սրան, ո’չ նրան չհավատացողների եւ վերջապես՝ իր հոգսերի դեմ ամեն օրվա հետ կռիվ տվողների, ովքեր, ցավոք, թե բարեբախտաբար, լուրջ չեն ընդունում ո’չ սրան, ո’չ էլ նրան։

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*