ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրություններ է իրականացրել հոգեբուժական հաստատություններում

Իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են ուսումնասիրություններ
mip-zekuyc (1)
2017 թ․ ընթացքում ՄԻՊ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։
Իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են ուսումնասիրություններ ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետների եւ կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի հիման վրա եւ հատուկ մեթոդաբանությամբ։
 
Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
 
• թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են,
• առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ,
• օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ,
• հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
• մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետները (օրինակ՝ մանկական հոգեբույժներ),
• չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, Երևանում էլ չկա,
• արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում,
• եղել են հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր,
• բացակայում են անհետաձգելի հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մեխանիզմները,
• առկա է դեղորայքային բուժումից զատ այլընտրանքային բուժման մեթոդների կիրառման խիստ պակաս,
• հոգեբուժական կազմակերպություններում կան գերբնակեցվածության դեպքեր,
• առկա է հոգեբուժական որոշ կազմակերպություններում կանանց և տղամարդկանց բաժանմունքների առանձնացման խնդիրներ,
• մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում,
• առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
• կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ,
• պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը,
• բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները:
 
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը Գլխավոր դատախազություն է ուղարկել ժամկետանց դեղերի, դեղերի բաց թողնմանն ու հսկմանն առնչվող մատյաններում սահմանված կարգի կոպիտ խախտումներով լրացնելու, այդ թվում՝ հատուկ կարգով բաց թողնման դեղերի չափերը մատիտով լրացնելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանցից կենսաթոշակները վերցնելու վերաբերյալ արձանագրված տեղեկությունները:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*