ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում ընդդեմ «Վեոլիա Ջրի»

Քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են ստացվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ
veolia-mip

Քաղաքացիների կողմից  բազմաթիվ բողոքներ են ստացվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ՝ կապված ջրամատակարաման առնչությամբ դժգոհությունների հետ: Yerkirmedia.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ վերջին 10 ամսվա ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծման օրվանից, «Վեոլիա Ջուր» ընկերությանն առնչվող 41 դիմում-բողոք է ստացվել։

Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Պաշտպանն իրավասու է հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները քննել այն դեպքում, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին: Այս պարագայում «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացված դիմումները հիմնականում ՄԻՊ գրասենյակի կողմից փոխանցվում են իրավասու մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։

Մասնավորապես՝ 12 գրավոր բողոք է ստացվել ջրաչափերը նորով փոխարինելուց հետո իրականացված ստուգաչափումներին, որոնց արդյունքում ընկերությունը հայտնաբերել է ջրաչափերի խախտումներ: Կատարվել են բաժանորդներին մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների վերահաշվարկներ, որոնց հետ քաղաքացիները համաձայն չեն եղել։ Նույն խնդրի վերաբերյալ ևս 6 բողոք եղել է բանավոր, 3 բողոք էլ՝ թեժ գծին։

3 գրավոր բողոք վերաբերել է ջրամատակարարումը խափանումներով իրականացնելուն կամ ջրամատակարարման բացակայությանը։ Ջրամատակարարումը պատշաճ ձևով չիրականացնելու վերաբերյալ 4 բողոք էլ ստացվել է բանավոր։

2 բողոք առնչվել է դիտահորերի, 3-ը՝ կոյուղագծերի խցանմանը, որոնց հետևանքով կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվել են բնակելի շենքերի նկուղները։ Մեկ բողոք վերաբերել է ապօրինի ջրագծի ապամոնտաժմանը, 1-ը՝ ապօրինի կոյուղագծի։

1 գրավոր բողոքով քաղաքացին դիմել է Պաշտպանին՝ հայտնելով, որ իր հարևանը խախտել է ջրօգտագործման կանոնները, բայց դրա համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իրեն է տուգանել։ Թեժ գծին ստացված 1 զանգով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ համաձայն չէ ընկերության ներկայացրած վճարման հաշվի հետ։

Թեժ գծին ստացված մեկ զանգով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ բազմիցս դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելու նպատակով, սակայն պատասխան չի ստացել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում 14 գործ արդեն դրական լուծում է ստացել, 12-ն ընթացքի մեջ է, ևս 15-ն այս պահին փոխանցվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները