«Ինչ ուզում ես արա, դու քո երկրում չես». 6 տարի արտերկրում ապրելուց հետո Անին վերադարձել է հայրենիք

Խնդիրը միայն լեզվի տարբերությունը չէ, ինչպես ասում են շատ հայրենադարձներ, օտար հողում դժվարություններն ավելի շատ են:

Հայաստանը լքելով, բոլորը չէ, որ հաստատվում են օտար երկրում: Խնդիրը միայն լեզվի տարբերությունը չէ, ինչպես ասում են շատ հայրենադարձներ, օտար հողում դժվարություններն ավելի շատ են: Անիի երազանքներն ու եվրոպական իրականությունը նույնպես չեն համընկել, արդեն մեկ տարի է՝ վերադարձել է Հայաստան: Ուզում է չհեռանալ ու նոր աշխատանք ձեռք բերել, այս հարցում նրան օգնում է Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագիրը: 3 տարուց ավելի գործող ծրագրի շահառուների ցանկում մեր հերոսը վերջիններից է:

Երկու շաբաթ էլ ու սենյակը վարսավիրանոցի կվերածվի. կահույքն ու վարսավիրական պարագաները նույնպես պատրաստ են: Անիի առաջին փոքր բիզնեսն է: Հայաստանում նրա համար նոր կյանք է սկսվելու՝ ամեն ինչ զրոյից: Մեկ տարի է՝ ինչ վերադարձել է Բուլղարիայից: Տարիներ առաջ Վառնա հանգստանալու էր գնացել, հետո կրկին մեկնել էր, ընտանիք կազմել ու հաստատվել Եվրոպայում: Ի տարբերություն այսօրվա շատ միգրանտների՝ Անին Հայաստան կամավոր է վերադարձել:

«Մինչեւ չգնաս, չապրես, այդ կարոտը չզգաս, չես գնահատում այն, ինչ ունես: Քո ընկերները, քո տունը, մտերիմները. ամեն ինչը հենց այդ ժամանակ սկսում ես գնահատել: Հայաստանը նույնը չի մնացել, սկզբում այստեղ էլ շատ դժվար էր հաստատվել»,- նշում է Անին:

Պատմում է՝ եթե չլիներ «Թիրախային նախաձեռնություն՝ Հայաստանի համար» ծրագիրը, հիմա դեռ ոչինչ սկսած չէր լինի: Գիտեր, որ այստեղ Եվրոպայից եկած միգրանտներին աջակցություն են ցուցաբերում, համացանցով գտել էր նրանց ու պատմել իր մասին: Օգնել են ե′ւ իր ուզած մասնագիտությունը ձեռք բերելու, ե′ւ բիզնես հիմնելու հարցում, հոգացել են նաեւ վարսավիրանոցի կահույքի եւ պարագաների բոլոր ծախսերը: «Թիրախային նախաձեռնություն՝ Հայաստանի համար»  ծրագիրն այսպես շատ միգրանտների է աջակցել:

«Ծրագգրի հիմնական թիրախային խումբը հանդիսանում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք մեկնել են Եվրամիության երկրներ, այնտեղ որոշ ժամանակ բնակվել են, որից հետո կամավոր կամ պարտադրված վերադարձել են Հայաստան եւ ունեն վերաինտեգրվելու խնդիր»,- նշում է ծրագրի վերաինտեգրման բաղադրիչ պատասխանատու Մարիա Հարությունյանը:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամությունը, Հայաստանում գործում է 2013 թվականից, սեպտենբերին, սակայն, ծրագրի ավարտը կլինի:

«Մոտ 850 շահառուի մենք աջակցել ենք, որոնցից 56-ը բիզնես դրամաշնորհներ են եղել, մոտ 707-ը՝ վերապատրաստման դասընթացներ»,- մանրամասնեց Մարիա Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենց հանդիպած միգրանտների մեծ մասը պարտադրված են եկել, Անիի դեպքում այդպես չէ: Երբ հարցնում ես՝ կրկին կլքես հայրենիքդ, բացասական պատասխան է հնչում:

Բոլորի պատկերացրած «Հայաստանից այն կողմ գունավոր աշխարհն» այդպես էլ չգտավ Անին: Ասում է՝ միայն օտար լեզուն յուրացնելով մյուս խնդիրները չեն լուծվում:

«Դու ինչ ուզում ես արա, դու քո երկրում չես, դու ուրիշի երկրում ես, ոնց որ դու գնացել ես հյուր: Բավականին շատ ապրեցի Բուլղարիայում. 6 տարի այնտեղ եմ ապրել: Բախվում ես լեզվի խնդրին, դա էլ հաղթահարելի է»,- պատմում է Անին:

Հիմա հարազատ հողում նոր կյանք է սկսելու, իր սեփական վարսավիրանոցում է աշխատելու: Սրահն արդեն աղջկա անունով «Դեյսի» է կոչել. հաջողակ աղջիկ է, ինչպես ասում է Անին, սկսած գործն էլ հաջող կլինի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները