Մեխակ Ապրեսյանը չի ընդունում այն դիտարկումը, թե Հայաստանում հանգստանալը թանկ է

Վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում...
sevan-shorja-hangist-loxap2 (1)

Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22 տոկոս:

«Սա ներքին զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն է, երբ  Հայաստանի բնակչները հանգստանում են Հայաստանի տարածքում: Թե որ հանգստավայրերն են առավել նախընտրելիների շարքում, կդժվարանամ ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հանգստավայրերն էլ այս սեզոնին ակտիվ են: Յուրաքանչյուր հանգստավայր իր առանձնահատկությունն ունի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Թեպետ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանցիները սկսել են ավելի շատ նախընտրել  Հայաստանի հանգստավայրերը, սակայն քիչ չեն դժգոհություններն այն մասին, որ մեր երկրում հանգստանալն ավելի թանկ է, քան այլ երկիր մեկնելը: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ  նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ այս խնդրի մասին տարիներ շարունակ խոսվում է և դա նորություն չէ:

«Մեզ մոտ հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանում, դրա համար զբոսաշրջիկները գնում են հարևան երկրում են հանգստանում: Ի դեպ, Հայաստանում մեկ շաբաթվա համար ծախսած այդ նույն գնով քաղաքացին կարող է ուղևորվել Վրաստան, այնտեղ մեկ շաբաթ մնալ, սնվել և հետ վերադառնալ: Այստեղ, իսկապես, արդարացի բողոք կա»,-ասաց Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով, այստեղ իշխանություններն անելիք ունեն, ինչ-որ ձևով կարելի է մեղմել հարկային քաղաքականությունը, և ընդառաջել տուրիզմի ոլորտում ծառայություն մատուցողներին, որպեսզի նրանք էլ վերանայեն գնային քաղաքականությունը:

Մեխակ Ապրեսյանը չի ընդունում այն դիտարկումը, թե Հայաստանում հանգստանալը թանկ է:

«Իհարկե, համաձայն չեմ, և կարող եմ առաջարկել բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում, համեմատական վերլուծություն անել՝ ընտրելով նույն կարգի, նույն որակի ծառայություններ մատուցող հյուրանոցներ: Կտեսնեք, որ մեզ մոտ գնային ճկուն քաղաքականություն կա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Դիտարկմանը, թե պահանջարկի ավելացմամբ պայմանավորված, օրինակ Սևանում, ոչ բարվոք պայմաններով տնակը մեկ գիշերվա համար 25 հազար դրամ է, եւ դա այն դեպքում, երբ չկա որևէ ենթակառուցվածք, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Սևանի առանձնահատկություններից  ելնելով, այստեղ գնային քաղաքականությունն այլ է:

«Բոլորս հասկանում ենք, որ Սևանի սեզոնը երկար չէ, շուրջ 40 օր է, դրանով պայմանավորված ունենում է առանձնահատուկ գնագոյացում: Բայց նույնիսկ այդ դեպքում, Սևանում ևս կան ճկուն գնային առաջարկներ: Մենք ունենք շատ լավ հանգստավայրեր, հյուրանոցային տնտեսություններ, որոնք ձեր ասած 25 հազարով շատ ավելի լավ որակով ծառայություններ են մատուցում՝ նախաճաշն էլ ներառյալ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նա խորհուրդ տվեց  armhotels.am, allhotels.am կամ այլ համակարգերով մանրամասն ծանոթանալ հյուրանոցների առաջարկներին, գտնել լավ տարբերակներ` նոր ընտրություն կատարել:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները