Ինձ ո´չ ազգանուններով կարող են վախեցնել, ո´չ էլ` մականունով, քանդվելիքը կքանդվի. Մեսչյան

Թող իմ անմիջական ղեկավարությունը չնեղանա, բայց ես ոչ մեկի առջև պատասխանատու չեմ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ առաջիկա անելիքներից մեկն էլ բակերը երևանցիներին վերադարձնելն է լինելու:  Նրա խոսքով` շուտով Երևանում ակտիվ շինարարություն է սկսվելու` ապօրինի կառույցները քանդվելու են, իսկ նախատեսված շինարարական աշխատանքները շուտով կմեկնարկեն:

«Օրինակ` Սարի թաղի հարցը լուրջ է, քանի որ այնտեղ տարեցտարի բնակֆոնդն ուղղակի անտանելի է դառնում: Մենք մի ծրագիր ենք այժմ մշակում, որով բարձրահարկ շենքի կառուցապատում է նախատեսվում: Սարի թաղի շենքերի պատերը որ քանդվում են, որոնցում ապրում են ընտանիքներ` երեխաներով, ինձ համար ավելի ցավալի է, քան Արամի 23-ը: Ես ուզում եմ հավասարությունը հասկանանք, քանի որ կան ընտանիքներ, որ երեխաներին գրկած, նստած են ու չգիտեն՝ ուր գնալ: Շենքն ինձ համար միայն կառույց չէ, քար ու ցեմենտ չէ` մարդիկ են, որ ապրում են այդ շենքի մեջ: Խնդիրն այն է, որ այդ շենքում ապրում են երևանցիները, ամբողջ իրենց կյանքն այնտեղ են ապրել»,-ասաց Մեսչյանը:

Հարցին` եթե քանդման ենթակա տարածքներից մեկում պարզվի, որ սրճարան ունի, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, քանդելո՞ւ է այդ սրճարանը, նա պատասխանեց, որ, այո, քանդվելու է: «Ես անուն-ազգանուններով վաղուց չեմ հետաքրքրվում, առավել ևս` մականուններով: Ինձ ո´չ ազգանուններով կարող են վախեցնել, ո´չ էլ մականունով: Իմ գլխին իմ քաղաքն է, սերը Երևանի նկատմամբ, որի համար էլ այս պաշտոնն եմ ստանձնել: Թող իմ անմիջական ղեկավարությունը չնեղանա, բայց ես ոչ մեկի առջև պատասխանատու չեմ` իմ ղեկավարը քաղաքն է: Անուն-ազգանուն-մականուն` ինձ համար որևէ նշանակություն չունի, ով չի հավատում, թող գա, ինձ փորձի»:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*