Մենակությունը

Այն ստիպում է մտածել, թե սխալ տեղ ես ծնվել, բայց եւ հուշում է, որ քո ծնվելիք տեղը դեռ չի ստեղծվել:
tsaxik

Երբեւէ զգացե՞լ ես մենակությունը…  ոչ ֆիզիկականը կամ տարածականը, այլ այն, որ գոյություն ունի քեզնից անկախ, բայց քո մեջ է ապրում, այն, որ հոսում է երակներովդ ու սարսռեցնում է մարմինդ, այն, որի համար տարբերություն չկա քեզ չպատկանող, քեզ հետ ոչ մի առնչություն չունեցող միլիարդների եւ քոնոնց միջեւ:

Մենակությունը, որ ոտքերդ թողնում է գետնի վրա, որ քեզ ստիպում է տեսնել ամեն ինչ, զգալ ամեն ինչ, ապրել քեզնից անկախ գոյություն ունեցողը, որն ուզում ես, բայց չես կարող փոխել, բայց եւ էն մենակությունը, որ քեզ կտրում է ամեն ինչից ու ստիպում է քայլել, անընդհատ՝ անվերջության ու լռության ակնկալիքով: Մենակությունը, որ անընդհատ արձագանքում է ուղեղումդ, անընդհատ հիշեցնում՝ քոնոնք շատ են, քո վայրերը կան, բայց դու չկաս նրանցից ոչ մեկի մեջ, դրանցից ոչ մի տեղում:

Մենակությունը, որ ավելի ամուր է գրկում քեզ հատկապես էն ժամանակ, երբ շուրջդ շատ են, թվում է թե, մտքերդ, հետաքրքրություններդ ու հույզերդ կիսող մարդիկ, բայց թվացյալ հույսերդ մարդկանց մեծ թվի հետ աներեւութանում են գիտակցությանդ հոսքի, դեմքերի եւ ապրումների մեջ: Մենակությունը, որից շունչդ կտրվում է, որից աչքերդ թացանում են, որից մարմինդ փշաքաղվում է, որից վախենում ես, բայց որից բացի ոչինչ չունես:

Մենակությունը, որ ողջ էությանդ մեջ է խցկվել առանց հրավերի եւ ստիպում է խոսել, գոռալ, տխրել ու ծիծաղել, զանգել, քննարկել, լսել բոլորին ու ամեն ինչ, հասկանալ բոլորին ու ամեն ինչ, կիսել բոլորի հույզերը, բայց ոչ քոնը, որովհետեւ կիսելու համար գոնե երկրորդն է պետք, իսկ երկրորդը չկա: Մենակությունը, որն ավելի անտանելի է ոգեւորության պահերին, որովհետեւ ուրախությունը կիսելու կարիքն ու անհնարինությունն ավելի մեծ է, մենակությունը, որ ստիպում է մտածել, թե սխալ տեղ ես ծնվել, բայց եւ հուշում է, որ քո ծնվելիք տեղը դեռ չի ստեղծվել:

Մենակությունը, որը ստիպում է բոլոր հեռախոսահամարները հերթով թերթել, բայց ոչ մեկը չհավաքել, ստիպում է փախչել բոլոր այն վայրեր, որոնք քեզ պիտի կտրեն իրենից, բայց եւ պիտի վերջում վերադարձնեն իրեն, որովհետեւ էդ բոլոր վայրերում կերպդ է միայն, իսկ իրական դու չկաս:

Մենակությունը, որ ամեն անգամ փակում է քեզ վանդակում, երբ այդքան սպասված, երազած թռիչքից հետո թեւդ վիրավոր թռչունի նման ուժ չես ունենում իրենից փախչելու, ծիծաղում է քեզ վրա, երբ կարդում է մտքերդ, թե միեւնույն է՝ քեզ միշտ ինչ-որ բան պակասում է սպասածդ պահը երջանիկ ապրելու համար:

Մենակությունը, որ էլ ֆիլմերի, գրքերի, նոր ապրումների ու շփումների կարիք չունի, մենակությունը, որ կարդում ես այլոց հայացքներում, բայց իրականում հասկանում ես, որ դրանք քո արտացոլանքն են միայն, մենակությունը, որ ամենասովորական եւ ամենահեքիաթային պատմություններն է հորինում. ուզում է քեզ խաբել, թե ընկերներ եք, մենակությունը, որին վարժվել ես այնքան, որ անտանելի, բայց իրական սիրո է նման զգացածդ…

Թե էդ մենակությունը երբեւէ զգացել ես, հաշտվիր հետը, որովհետեւ պրծում չունես, ուղղակի բռնիր ձեռքը ու քայլիր քո ամենասիրած աշնան երանգներով ու շնչիր թացության հոտը, որ միշտ ժպիտ է գծագրում աչքերիդ մեջ…

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*