«Ֆեյք» լուրերի հոսքը կանխելու համար կարեւոր է պարզել, թե ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը. Ս. Խանդանյան

Ֆորում՝ «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում»
lragrutyun

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը աղավաղված լուրերի հոսքը կանխելու նպատակով կարևորում է Հայաստանում լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման պրակտիկայի կիրառումը:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը նման տեսակետ հայտնեց «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» խորագրով ֆորումի ընթացքում:

«Հասկանալու համար, թե ովքեր են «ֆեյք» լուրերի տարածողները, որտեղից են գալիս աղավաղված լուրերը «Ֆեյսբուք»-ում, նորաստեղծ լրատվամիջոցների ստեղծած այս ինֆորմացիոն դաշտը, արևմտյան երկրներում շատ լավ պրակտիկա է կիրառվում: Դա իրական սեփականատերերի բացահայտման պրակտիկան է: Հայաստանում այդ պրակտիկան ունենք մետաղական հանքավայրերի սեփականատերերի բացահայտման ուղղությամբ: Բայց, կարծում եմ, որ սա պետք է կիրառվի մյուս ոլորտներում ևս, այդ թվում՝ նաև լրատվամիջոցների: Եվ մենք իսկապես կունենանք պատկեր, թե ովքեր են այս լրատվամիջոցների իրական սեփականատերերը  և ինչ քաղաքական շահեր են հետապնդում»,-ասաց Խանդանյանը:

Նա նշեց, որ Բաց կառավարման գործընկերության շրջանակում նախատեսում են  գործընկերների հետ քննարկել և հասկանալ, թե ինչքանով է այդ պրակտիկան հնարավոր կիրառել:

Խանդանյանի կարծիքով` մեդիայի ինքնակարգավորման համար պետք չէ սպասել, որ ինչ-որ տեսանելի կամ անտեսանելի ձեռք կարգավորի մեդիան: Նա կարևորեց ազատվելն անցյալի ավանդույթներից, թե ինչ են սովորեցնում լրագրող դառնալ ցանկացողներին: Խանդանյանը նշեց` պետք է պատրաստել ավելի պատրաստված մասնագետներ, որոնք կզբաղվեն լրագրությամբ: Նա մտահոգիչ համարեց լուրերի աղբյուրների ստուգման հարցը: «Լրատվական դաշտում են հայտնվում նյութեր, որոնք նույնիսկ մեկ աղբյուրով էլ ստուգված չեն լինում»,-նկատեց Խանդանյանը:

Անդրադառնալով քաղաքական գործիչների, կառավարության ներկայացուցիչների «Ֆեյսբուք»-ով ուղիղ եթերներին՝ նա նշեց, որ չի հիշում վերջին տարիներին որևէ քաղաքական գործչի կամ երկրի առաջնորդի, որը վեց ամսվա ընթացքում երկու անգամ մամուլի ասուլիս տված լինի, որոնք տևեն երեք ժամից ավելի: «Արևմտյան երկրների առաջնորդները  ևս «Թվիթեր»-ը հաճախ են օգտագործում: Կարծում եմ` Հայաստանում չկա կառավարության անդամ, որը հասանելի չէ լրագրողների համար, չի պատասխանում լրագրողների հարցերին»,-նկատեց նա:

Խանդանյանը մեծապես կարևորեց նաև կիբեռանվտանգությունը` Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում: Նա կոչ արեց բոլոր լրատվամիջոցներին, որոնք հարձակումների են ենթարկվել, դիմել իրավապահ մարմինների: Սրանք առնվազն վարչական և ընդհուպ քրեական պատասխանատվության հետևանքներ են ենթադրում:

*

*