Մեր արածը մի կաթիլ ջուր է օվկիանոսում. Մայր Թերեզան կարևորում էր մեծ սիրով արված փոքր գործերը

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Մայր Թերեզան քույրերի հետ շտապեց Հայաստան: Այսօր Երեւանում եւ Սպիտակում տարբեր ազգության 12 քույրեր են ծառայում՝ առանց վարձատրության:

Այս շաբաթ համաշխարհային լրատվամիջոցների ամենաթեժ թեմաների ներկայացման ժամանակ հայտնվում էր այս փխրուն տատիկի լուսանկարը։ Մեր երկրում եւս շատերը կհիշեն նրան, մարդ, փոքրամարմին, փոքր-ինչ կուզ, ով աշխարհին բարություն էր պարգեւում։ Այս օերին նա աշխարհի թիվ մեկ դեմքն էր։

Կաթոլիկ եկեղեցին սրբադասել է ազգությամբ ալբանացի Մայր Թերեզային: Վատիկանում՝ Սուրբ Պատարագի ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սուրբ է հռչակել «աղքատից ամենաաղքատի Մորը»: Միջոցառմանը մասնկացել է ավելի քան 100.000 հավատացյալ՝ աշխարհի տարբեր անկյուններից:

Սրբադասման կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կախվել է Մայր Թերեզայի հսկայական դիմանկարը կրող պաստառ: Սրբադասումը հնարավոր է դարձել, երբ ճանաչվել է Մայր Թերեզայի անվան հետ կապված երկրորդ հրաշքը: Վատիկանը պնդում է, որ ուղեղի ուռուցք ունեցող Բրազիլիայի բնակիչը բուժվել է Մայր Թերեզայի երկնային բարեխոսության շնորհիվ: Սա տոն է ոչ միայն քրիստոնյա աշխարհի համար, որովհետեւ Մայր Թերեզայի եւ նրա գթության քույրերի սերը, կարեկցանքն ու հոգատարությունը զգացել է ամբողջ աշխարհը: Անմասն չենք մնացել նաեւ մենք՝ հայերս:

tereza2

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Մայր Թերեզան քույրերի հետ շտապեց Հայաստան: Նրանք այսօր էլ շարունակում են իրենց առաքելությունը մեր երկրում: Մայր Թերեզայի մահից շուրջ 20 տարի անց գթության քույրերի շնորհիվ խնամքի 710 տուն է գործում 130 երկրում: Նրանք խնամում են լքվածին, հիվանդին, անօթեւանին՝ նրանց մեջ տեսնելով Քրիստոսին: «Սրբությունը ճոխություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- համոզված էր Մայր Թերեզան:

Միանգամ Մայր Թերեզան այցելում է Մելբուրնում ապրող միայնակ ծերունուն, որին բոլորը մոռացել էին: Երկար համոզելուց հետո տարեց մարդը թույլ է տալիս մաքրել տունը, լվանալ հագուստները: Մայր Թերեզան հարցնում է, թե ինչու չի վառում սենյակի մի անկյունում դրված լապտերը: «Ոչ ոք չի գալիս ինձ տեսության, ինչո՞ւ վառեմ»,-պատասխանում է տղամարդը: «Լուսամփոփը կվառե՞ս, եթե քույրերը քեզ այցելության գան»,- հարցնում է Մայրը: «Իհարկե: Եթե մարդկային ձայն լսեմ, կվառեմ»: Այդ օրվանից քույրերն ամեն երեկո այցելում են նրան: 2 տարի անց ծերունին խնդրում է Մայր Թերեզային փոխանցել. «Ասեք իմ ընկերուհուն՝ լույսը, որ վառեց իմ կյանքում, շարունակում է վառվել»:

Սպիտակ սարի, սանդալներ, ձախ ուսին ամրացված խաչ: Ոչ միայն հագուստն էր Մայր Թերեզային բոլորից տարբեր դարձնում, այլեւ՝ սերը, կարեկցանքը, խաղաղությունը: 12 տարեկանում նա արդեն հստակ հասկացել էր՝ ամենաաղքատին ու կարիքավոին ծառայելու միջոցով կյանքը նվիրելու է Աստծուն:

«Հենց սկզբից ես ուզում էի փրկել աղքատներին՝ հանուն Աստծո սիրո: Այն, ինչ տալիս են հարուստները փողով, ես ցանկանում էի տալ նրանց Աստծո սիրով»,- ասում է քույր Բենեդետտան

Մայր Թերեզան սկզբում մեկնում է Դուբլին ու միանում Լորետոյի միանձնուհիներին, զբաղվում հիվանդների խնամքով: Բայց շուտով հասկանում է՝ աղքատից ամենաաղքատը իրեն սպասում է փողոցում: Հնդկաստանում՝ Կալկաթայում, գթության քույրերը շրջում են գյուղերով ու քաղաքաներով, ողորմելի ու բարոյալքված տեղանքներից գտնում աղքատին, լքվածին, հիվանդին, բորոտին, մահամերձին, անօթեւանին. «Աղքատին հասկանալու համար պետք էր նրանց նման լինել»:

«Մեզ համար աղքատությունն ազատություն է: Աղքատներն այդպիսինն են ոչ թե իրենց ցանկությամբ, այլ որովհետեւ ստիպված են այդպիսին լինել: Մինչդեռ մենք ցանկանում ենք նրանց նման աղքատ լինել, նրանց եւ ուրիշներին վկայելու, որ Աստված սեր է: Աղքատությունը մեր ներքին ուժն է՝ աղքատի միջոցով ծառայելու եւ սիրելու Աստծուն»,-ասում է քույրը:

Քույրերի անհավատալի առաքելության մասին շուտով ամբողջ աշխարհն է իմանում, Մայր Թերեզային հյուրընկալում ու հյուրընկալվում են քաղաքական գործիչներ, երեւելի դեմքեր: Նվիրատվությունները հնարավորություն են տալիս խնամքի նոր տներ ու հիվանդանոցներ բացել ոչ միայն Հնդկաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Մայր Թերեզան քույրերի հետ գալիս է Հայաստան:

«Երբ ներկայանում է Ամենայն Հայոց հայրապետին, ասում է՝ ես դրամ չունեմ քեզ տալու, որ օգնես այս խեղճերին: Բայց կարող եմ քեզ տալ՝ ինչ-որ ունեմ, քույրերը բոլորը Ձեր տրամադրության տակ են, որ գան, այստեղ ծառայեն: Եւ այսպես մուտք գործեցին Հայաստան»,- պատմում է Հայաստանում կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հայր Ռաֆայել արք. Մինասյանը:

Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող այս տանը 2006 թվականից գթության քույրերը խնամում են մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների: Ինչպես Մայր Թերեզան, նրանք եւս խուսափում են հարցազրույցներից: Ոչ մի արտասովոր բան իրենց առաքելության մեջ չեն տեսնում. ընդամենը փոքրիկների միոջոցով Աստծուն են ծառայում:

«Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ Աստված այնքան շատ է սիրում մեզ, որ ցանկանում է խնամել նույնիսկ ամենաաղքատին, որին հասարակությունն ի վիճակի չէ օգնել, ինչպես հաշմանդամություն ունեցող երեխային, որը չի կարողանում տեսնել, լսել, շարժվել: Մենք նրանց համարում ենք անպետք, բայց Աստծո համար ոչ ոք անպետք չէ: Յուրաքանչյուրը շատ թանկ է, կարեւոր է, միակն է: Այս աշխատանքն անելու համար Աստված տալիս է մեզ իր օրհնությունը, սերը, ուժը: Մենք հավատում ենք, որ այս երեխաներին ծառայելով՝ ծառայում ենք հենց Հիսուսին: Նա ասաց՝ ինչ որ անեք իմ եղբայրների համար, Ինձ եք անում»,- ասում է Քույր Բենեդետտան:

tereza1

«Երբ ծնողները տարբեր պատճառներով հրաժարվում են երեխաներից, քույրերը նրանց վերցնում են հենց հիվանդանոցից: Այսօր կենտրոնում խնամում են 20 երեխայի. փոքրը 8 ամսական է, մեծը՝ 12 տարեկան: Մեր երեխաները չեն, իրավունք չունենք»,- ասում է իտալուհի քույր Բենեդետտան: Երեխաներին փորձում են որդեգրության տալ, ինչպես տարիներ առաջ անում էր Մայր Թերեզան: Նոբելյան Խաղաղության մրցանակ ստանալիս՝ վերջինս կոչով դիմել էր ներկաներին՝ պայքարել աշխարհում խաղաղության ամենամեծ սպառնալիքի՝ հղիության արհեստական ընդհատման դեմ: Նա խնամում էր լքված երեխաներին ու փորձում նրանց համար ընտանիք գտնել: Երեւանում եւ Սպիտակում տարբեր ազգության 12 քույրեր են ծառայում՝ առանց վարձատրության:

«Ես հասկացա, որ եթե ուզում եմ երջանիկ լինել, պետք է իմ կյանքն ու սերն ամբողջությամբ նվիրեմ Աստծուն: Երբ ամուսնանում ես, սերդ միայն ամուսնուդ եւ երեխաներիդ ես տալիս, իսկ Աստծուն նվիրվելով՝ բոլորին: Մինչ Հայաստան գալը, աշխատում էի Արաբական երկրներում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդական է: Բայց շատերն ասում էին՝ ձեր սերը մեր նկատմամբ ավելի շատ է, քան մեր մայրերի սերը: Մեր ծառայությամբ նրանք հասկանում էին, որ Աստված է այցելել իրենց»,-նշում է քույրը::

Քույր Բենդետտան ժպիտով է հիշում Մայր Թերեզայի հետ առաջին հանդիպումը: Տեսնելով օրիորդին՝ Մայրը կատակել է՝ դու այնքան բարձրահասակ ես, բայց խնդիր չէ:

«Մայր Թերեզան ինձ երբեւէ հանդիպած ամենապարզ մարդն էր: Նրա համար յուրաքանչյուրն այնքան կարեւոր էր, որ երբ հանդիպում էիր նրան, թվում էր, թե այդ պահին նրա համար դու միակն ես աշխարհում, եթե նույնիսկ շրջապատված էի բազմաթիվ մարդկանցով: Նա ցանկանում էր ցույց տալ, որ Աստծո համար յուրաքանչյուրը թանկ է, եւ ես դա հասկանում էի ամեն անգամ նրան հանդիպելիս: Շատերն են այդ զգացողությունն ունեցել»,-պատմում է քույրը:

Մայր Թերեզայի համար կարեւոր էին մեծ սիրով արված փոքր գործերը:

«Մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում: Բայց եթե այդ կաթիլը չլիներ, կարծում եմ` օվկիանոսը կզգար դրա պակասը»,- ասում էր Մայր Թերեզան:

Փոքրամարմին, կորացած մեջքով պարզ այս կինը սեփական օրինակով ապացուցեց, որ աշխարհին տիրելու համար զենքի կարիք չկա: Սեր եւ գութ է պետք: Երբ Մայր Թերեզային հարցնում են, թե չի վախենում մահից, պատասխանում է՝ մահանալ նշանակում է վերադառնալ տուն: Մի՞թե դուք վախենում եք տուն՝ ձեր մտերիմների մոտ վերադառնալ: Անհամբերությամբ սպասում եմ մահվանը. չէ՞ որ կկարողանամ հանդիպել Հիսուսին եւ բոլոր այն մարդկանց, որոնց փորձել եմ տալ իմ սերը: Դա կլինի հրաշալի հադիպում, այնպես չէ՞….

Մայր Թերեզայի հուղարկավորությանը հազարավոր մարդիկ էին մասնակցում՝ աշխարհի բոլոր կողմերից: Երկրների ղեկավարներ, առաջին տիկնայք, բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց թվում էին նաեւ աղքատից ամենաաղքատները…

 

*

*